Երևան

Քաղաքը կարդում է. Երևանում սեպտեմբերի 5-7-ը գրքի փառատոն է

Քաղաքը կարդում է. Երևանում սեպտեմբերի 5-7-ը գրքի փառատոն է

Այսօրվանից մայրաքաղաքում մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը: Նախագիծն այս արդեն 8-րդ տարին անընդմեջ միավորում է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին: Երևանի քաղաքապետարանը 2023թ. հանդիսանում է Գրքի փառատոնի գլխավոր հովանավորը, հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ 

Փառատոնի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը հնարավորություն է տալիս թե՛ փորձառու, թե՛ սկսնակ գրողներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և մասնակցելու գրականության վերաբերյալ տարատեսակ քննարկումներին։

Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ փառատոնը ոչ միայն վերափոխվել է բովանդակային ու կազմակերպչական առումներով, այլև սկսել է ակտիվորեն համագործակցել միջազգային գրական հաստատությունների հետ։  

Միաժամանակ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի համաչափ զարգացմանը՝ իրականացնելով համայնքապատկան գրադարանների գրադարանային ֆոնդերի համալրման ծրագիրը, որի համար յուրաքանչյուր տարի հատկացվում է շուրջ 40 մլն ՀՀ դրամ: Ծրագրի մեկնարկից ի վեր համայնքային 19 գրադարանները համալրվել են շուրջ 30 000 նոր գրքերով: 

Բացի այդ, քաղաքապետարանն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր գրահրատարակչության ոլորտը զարգացնելու նպատակով, աջակցություն հատկացնում թարգմանական գրահրատարակչական ծրագրերին, հանդես գալիս սեփական նախաձեռնություններով:

Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 5-7-ը՝ Երևանում, սեպտեմբերի 28-ին՝ Գյումրիում և հոկտեմբերի 4-ին՝ Կապանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական