Երևանի համայնքային ենթակայության դպրոցներն այս տարի իրենց դռները շուրջ 11000 առաջին դասարանցիների առջև են բացել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հ. 187 միջնակարգ դպրոց, շնորհավորել փոքրիկներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
«Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Հազարավոր երեխաներ նորից հավաքվում են դպրոցներում, իսկ հարյուրավոր փոքրիկներ առաջին անգամ ոտք են դնում այն մեծ ճանապարհին, որն անվանում ենք կրթություն։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ,
դպրոցն այսօր ձեր առջև բացում է իր դռները։ Այստեղ դուք կգտնեք ձեր առաջին ընկերներին, կսովորեք կարդալ ու գրել, հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ՝ դուք սիրելու եք ձեր դպրոցը և ամեն օր մեզ ուրախացնելու եք ձեր հաջողություններով։
Սիրելի՛ ուսուցիչներ,
դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք մարդու մտածելակերպը, արժեքները։ Ձեր դերը մեր ապագա հասարակության ձևավորման մեջ անչափ մեծ է։ Ուստի, վստահ եմ, որ ձեր աշխատանքը այս ուսումնական տարում էլ կլինի նպատակային ու պատասխանատու՝ օգնելով երեխաներին դառնալ ոչ միայն կրթված մասնագետներ, այլև լավ մարդիկ ու արժանապատիվ քաղաքացիներ:
Սիրելի՛ ծնողներ,
այսօր ձեր զավակների կյանքում նոր ու կարևոր էջ է բացվում։ Ցանկանում եմ, որ այն ուրախությունը, որ այսօր ապրեցիք, ուղեկցի ձեզ ամբողջ ուսումնառության ընթացքում։
Այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ մեր քաղաքն ապրում ու զարգանում է մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով։ Թող այս ուսումնական տարին մեր քաղաքի ու մեր փոքրիկների համար էլ դառնա նոր հաջողությունների սկիզբ։ Բարի երթ բոլորիս»,- նշել է քաղաքապետը։