Երևան

Ավարտին է հասցվում հ. 105 մանկապարտեզի հիմնանորոգումը

Երևանի հ. 105 մանկապարտեզը հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո 110-ի փոխարեն հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի: Նախագծի շրջանակում այստեղ էլ ավելացվել են խմբասենյակները և 4 խմբի փոխարեն կձևավորվի 8 խումբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նշվում է, որ 2023թ.-ից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքում 105 մանկապարտեզում հայտնաբերվել են որոշ թերություններ, ինչի պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից դրանք չեն ընդունվել: Շինարարը պարտավորվել է ամբողջությամբ վերացնել թերությունները. աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մանկապարտեզի հիմնանորոգման նախագծի շրջանակում նախատեսված է նաև բակի բարեկարգում: Այս աշխատանքները կիրականացվեն տարածքով անցնող կոյուղու խնդիրը լուծելուց հետո: Հարակից շենքերի կոյուղատար համակարգը ժամանակին անցկացվել է հենց մանկապարտեզի տարածքով, ինչն այսօր քայքայված լինելու պատճառով խնդիրներ է առաջացրել:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու մանկապարտեզն օր առաջ շահագործման հանձնելու կարևորությունը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ոչ միայն կոյուղատար ցանցի տեղափոխում, այլև հարակից 15 բազմաբնակարան շենքերը սպասարկող կոյուղատար համակարգի ամբողջական փոխարինման աշխատանքներ:

Երևանի հ. 105 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրականացնող ընկերությանն, ի դեպ, կատարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ կվճարվի միայն վերջնական աշխատանքներն ընդունելուց հետո: