Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, ծուխը վերացել է: Աշխատանքները շարունակվում են: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև տարեվերջ կազմակերպել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ:
«Աղբի վերամշակման նոր գործարանի երկփուլ մրցույթը մինչև տարեվերջ պե՛տք է կայանա: Սա Երևան քաղաքի ամենակարևոր ու ամենադժվարին հարցերից մեկն է և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող: Կամ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կամ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Դավթաշենի կենտրոնական այգու բարեկարգումն ամբողջությամբ ավարտված է: Հանգստի գոտու ընդհանուր մակերեսը 16 850 քմ է: Անցկացվել է ոռոգման նոր ցանց, կառուցվել է նոր պոմպակայան, գեղարվեստական շատրվան, լուսավորության համակարգ, մանկական խաղահրապարակ՝ նոր խաղասարքերով, տեղադրվել են մարզասարքեր և զրուցարաններ, նոր նստարաններ և աղբամաններ: Ճեմուղիներում առկա են թեքահարթակներ:
***
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում: Գործընթացն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանում:
***
Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում տեղադրվել են 26 հատ թուջե ձուլվածքով քառաթև ուղեցույց-ցուցանակներ, իսկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի վարչական շրջաններում՝ 26 հատ հնգաթև ուղեցույց-ցուցանակներ:
Կենտրոն վարչական շրջանում տեղադրվել է 50 հատ թուջե ձուլվածքից փողոցների անվանումների և շենքերի համարները նշող ցուցանակ:
***
Երևան քաղաքի սեփական եկամուտների գանձման 2025թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը կազմել է 47 212 482 900 ՀՀ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ: