Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարել է, որ օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակը մարված է եղել, բայց աղբավայրը շարունակել է ծխալ։
«Առավոտ շուտ Ձեր հանձնարարականից հետո անմիջապես մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, ԵԱՍՄ հիմնարկը ողջ շարժակազմով ու անձնակազմով աշխատանքը տեղափոխել է աղբավայր»,- ասել է նա՝ հավելելով, որ 12 վարչական շրջաններն առանց բացառության 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին։ «Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, որ հիմա շարունակում են աշխատանքները»,- ասել է Արեյանը։
Արձագանքելով կատարվածին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե «Ինչպես հաճախ տեղի է ունենում, շարունակում ենք պայքարել հետևանքների դեմ, բայց տևական ժամանակ է՝ ունեցել ենք քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր։ Բայց ինչ-որ մի փուլի ենք հանգել, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված»։
Քաղաքապետը նաև հանձնարարել է. «Այսպես կդնեմ հարցը. կամ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կամ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»,- ասել է նա՝ հավելելով,- «Մինչև տարեվերջ բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, այլևս ոչ մի րոպե ավել չենք կարող դրան սպասել»։