Երևան

Տրանսպորտում վճարման QR կոդը փոխարինվել է ավելի հարմար ու հուսալի լուծումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով:

Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս եկավ շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

  • Տրանսպորտային քարտ,
  • Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
  • Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

  • transport.yerevan.am կայքում,
  • Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ: