Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Radar Armenia-ի թղթակցի հարցին, թե արդյոք հսկիչները շրջելու են, թե մնալու են մեկ վայրում, պատասխանեց.
«Հսկիչները շրջելու են։ Աշխատանքը լինելու է միջազգային ստանդարտի սահմաններում։ Նրանք զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն կունենան ստուգել՝ քաղաքացին վճարե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել տուգանքների տեսքով։ Մենք ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը։ Առաջիկա օրերին այն մարդիկ, որոնք անտեղյակ են, կոշտ մոտեցում՝ տուգանելու տեսքով, չլինի։ Պետք է հավաստիացված լինենք, որ մարդիկ չարամտորեն չեն դա իրականացնում, որի դրսևորումը շատ կա»։
Սուրեն Գրիգորյանը նկատել է՝ շատ քաղաքացիներ չգիտեն, որ չի կարելի իրենց բարեկամի, ով արտոնյալ կարգավիճակ ունի, ուղետոմսից օգտվել։
«Բարեկամություն» կայարանում մարդն անցկացնում էր, խնդիր առաջացավ, ասաց՝ տատի տոմսն է։ Եվս մեկ անգամ իրազեկում եմ, որ չի կարելի օգտվել այլ անձի արտոնյալ տոմսից։ Ասեմ ավելին, դրա համար ամենամեծ տուգանքն է նախատեսված, և շատ եմ խնդրում քաղաքացիներին՝ ուղղակի դա չանել»։