Երևան

Ճախրող էլիտաների վախճանը. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

«Գրեթե ամեն օր մենք լսում ենք հայտարարություններ, ընթերցում հոդվածներ կամ ականատես լինում հեռուստատեսային ու առցանց խոսույթների, որտեղ աննկատ, բայց համառորեն կրկնվում է մի ուրվագծային թեզ․ իբր ժողովուրդը՝ իր մեծամասնությամբ, չի կողմնորոշվում՝ որն է ճիշտը, որն՝ անարդարությունը, ո՞ր քայլը բարիք կբերի, իսկ որն է տանում կործանման, ո՞րն է բարոյականը, ո՞րը՝ անբարոյականը։

Այս տեսակետը գրեթե միշտ հնչում է մարդկանց կողմից, ովքեր իրենց համարում են «էլիտա»՝ ինտելեկտուալ, մշակութային, նյութական կամ այլ տեսակ գերազանցություն ունեցող մի կաստա։ Նրանց թվում է, թե իրենց ստացած կրթությունը, շատ հաճախ սոսկ դիպլոմների և արտասահմանյան ուսումնական հաստատությունների անունների տեսքով, արդեն իսկ վեր դասում է իրենց հասարակության մնացած մասից։ Իրենց ինքնագնահատականը սնվում է նաև իրենց սոցիալական շրջապատից՝ «ինտելիգենտ միջավայրից», որտեղ համընկնում են ճաշակը, աշխարհայացքը, ապրելու ձևը և նույնիսկ սրճարանում պատվիրած սուրճի տեսակը։

Նրանք մեծանում են վակումում՝ սրբորեն պաշտպանված ամեն տեսակի անհարմարությունից։ Ծնողները ամեն բան անում են, որ որևէ անսպասելիություն կամ սոցիալական շփում չվնասի իրենց երեխայի «էլիտար բալանսը»։ Դպրոց՝ առանձին վարորդով, դասապատրաստում՝ մասնավոր ուսուցիչներով, ընդունելություն՝ ապահովված կապերով։ Ու այս ամենից հետո՝ ապահովված աշխատանք՝ պետական ապարատում կամ խոշոր ընկերությունում։ Եվ ահա ձևավորվում է այս տեսակ քաղաքացի՝ ինքինքնաբավ «էլիտար մարդը», որը գրեթե երբեք ցավ չի տեսել, բախում չի ունեցել իրական աշխարհի հետ, բայց իրեն համարում է ի վերուստ տրված առավելություն ունեցող մեկը։ Ավելի խելացի, ավելի արժանի, ավելի ճաշակով, պարզապես՝ «ավելի»։

Ու հենց այստեղից էլ սկսվում է այդ մարդկանց ճախրումը։ Նրանք այլևս չեն քայլում, այլ ճախրում են ամպերից անդին։ Նրանք չեն տեսնում սովորական մարդկանց, որոնք կանգնում են ավտոբուսային կանգառում, չեն լսում նրանց, ովքեր հոգում են իրենց առօրյա ծանր հոգսերը, չեն կարողանում հասկանալ՝ ինչու է զինծառայողի մայրն արտասվում, երբ հեռուստացույցով ելույթ է ունենում «ինտելեկտուալ» մեկը, ով իր որդուն վաղուց ուղարկել է արտասահման՝ բանակից հեռու։

Սովորական մարդիկ նրանց համար պարզապես թիվ են, ոչ թե՝ անհատականություններ։ Անհատականություն լինելու համար պետք է էլիտար լինել իրենց նման՝ բարձրագույն կրթությամբ, անգլերենով հագեցած բառապաշարով, եվրոպական ճաշակով և այլն։

Ահա այս մեխանիզմով էլ այսպես կոչված էլիտան տասնամյակներ շարունակ իշխել է՝ կեղծելով ընտրությունները, ճնշելով ժողովրդի ձայնը, սնելով հասարակությանը հայրենասիրության ճոռոմաբանությամբ, որին իրենք երբեք չեն հետևում։ Նրանք պնդել են, թե իրենք են միակը, ովքեր ունակ են ղեկավարելու, միակը, ովքեր հասկանում են բարդ խաղի կանոնները։

Սակայն իրականությունը վերջին տարիներին փոխվել է։ Ժողովուրդն այլևս նույնը չէ։ Այժմ մարդիկ գիտակցում են, որ իրենք են որոշողը, որ իրենք են արժանի ընտրելու, ապրելու, ղեկավարելու, առանց էլիտաների կարիքի։ Այժմ նրանց ճառերը՝ որքան էլ հարուստ բառապաշարով հագեցած լինեն, դատարկ են հնչում։ Ոչ ոք այլևս չի հավատում, որ Օքսֆորդ ավարտելը պաթոսի իրավունք է տալիս։ Ոչ ոք այլևս չի հավատում հայրենասիրական կոչերին այն մարդկանցից, որոնց երեխաները այլ պետությունների քաղաքացի են դարձել՝ միայն թե չծառայեն բանակում։

Էլիտաներն այլևս վախճանվել են։ Սակայն հենց այն պատճառով, որ նրանք շատ բարձր են ճախրում իրականությունից կտրված մի հարթությունում, նրանք դեռևս չեն նկատել, որ մենակ են մնացել այնտեղ։ Իսկ երկրում կյանքն ընթանում է առանց իրենց, առանց իրենց «անփոխարինելի» ներկայության։

Եվ որքան էլ դառը լինի նրանց համար այս նոր իրավիճակը, փաստը մնում է փաստ. վերից չի երևում, թե ինչ է տեղի ունենում ներքևում։ Իսկ հիմա՝ հենց ներքևում է որոշվում ամեն բան»։