Երևան

Հայկ Մարությանը որևէ կապ չունի խմբակցության բուն էության հետ. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է կուսակցության և Երևանի ավագանու համանուն խմբակցության միջև ձևավորված հարաբերություններին և Հայկ Մարությանի հետ կապերին։

«Տեղեկացնեմ, որ Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունը մենք ենք` «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները, իսկ Հայկ Մարությանը և նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարը որևէ կապ չունեն այդ խմբակցության բուն էության հետ, այսինքն, նրա ելույթները, խոսքերը կամ հայտարարությունները մեր անունից չեն, այլ՝ Մարությանի։ 

Այսուհետև խմբակցության անունից հայտարարություններ կանեմ ես։

Այս մարությանական խմբակը դեմ է հանդես եկել մեր նախաձեռնություններին, այդ թվում՝ Ավինյանին հեռացնելու բոլոր նախաձեռնություններին։ Դրա փոխարեն սրանք ուժ ու եռանդ չեն խնայում ինձ մեր խմբակցությունից հեռացնելու համար։ Խնդրել են Ավինյանի աշխատակազմին, որ ինձ տեղափոխեն նիստերի դահլիճի ամենավերջը, հանեն հանձնաժողովներից, հանձնարարել են խմբակցության փորձագետներին՝ չկատարել իմ հանձնարարությունները, փոխել են սենյակի բանալին, որ չկարողանանք քաղաքացիների ընդունելություն կազմակերպել և այլն։

Այսինքն, այս մարդիկ ընտրողների քվե են ստացել, որ պայքարեն իմ դեմ, ոչ թե՝ Ավինյանի։ Հասկանում եք՞։

Հասկանու՞մ եք, թե ինչով են զբաղվում սրանք։

«Ազգային առաջընթացի» անունից խոսելու իրավունք չունեն մարդիկ, որոնք հեռու են թե՛ «ազգային», թե՛ «առաջընթաց» բառերի էությունից»,- այս մասին գրել է Հայկ Գրիգորյանը