Հուլիսի 25-ին Երևանում տեղացած անձրևը եղել է նորմայի կրկնակի չափով, ինչի հետևանքով փողոցներ են հեղեղվել. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Համաձայն Հիդրոմետ ծառայության հետ ճշտված տվյալների՝ ամսվա նորման հուլիսին եղել է 9 մմ, իսկ 20 րոպեում մայրաքաղաքում տեղացել է նորման կրկնակի գերազանցող տեղումների քանակ՝ 18 մմ։ 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։ Նման ինտենսիվ անձրևների պայմաններում, որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։ Հետևաբար՝ Երևանում հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ»,- նշեց Արեյանը։
Նա նշել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինության, կոմունալ տնտեսության վարչության պետի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ղեկավարների հետ շրջել են դրսում, և անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չի եղել մայրաքաղաքում։
«Այսինքն՝ ամբողջ ծավալը մայրաքաղաքը քաշել էր, բայց այնուամենայնիվ, տեղումների ինտենսիվությունը հանգեցրել է որոշակի խնդիրների՝ ջրային կուտակումներ, դժվարանցանելի հատվածներ։ Մայրաքաղաքում գրանցվել է 20 դեպք։ Կամրջային հատվածներում խնդրահարույց դարձավ Հաղթանակի կամուրջը, Քրիստափորի փողոցի վրա՝ մետրոպոլիտենի կամրջի հատվածը, ինչպես նաև Գործարանային մետրոյի մոտ։ Փողոցներից ամենախնդրահարույցն էր դարձել Գյուրջյան փողոցը։ Ծառերի և ճյուղերի տապալման 15, էլեկտրասյուների տապալման և մալուխների բռնկման 25 դեպք, տանիքների ջրահորդման խողովակների վթարման 5 դեպք, քարաթափումներ և փլուզումներ՝ 4 դեպք»,- տեղեկացրեց Արեյանը՝ ընդգծելով, որ բոլոր հետևանքները վերացված են։
Նրա խոսքով՝ կամրջային հատվածներից անհասկանալի է եղել Հաղթանակի կամրջի դեպքը։
«Կամուրջային կառուցվածքներից մեզ համար անհասկանալի է դառնում Հաղթանակի կամուրջի այդ վիճակը, ինչը նախկինում չկար։
Ես ձեզ հաղորդում էի ուղարկել, որ կամրջաշինարարների ու նախագծողների հետ պետք է ևս մեկ անգամ նայենք կամուրջի կոմունիկացիաների առկայությունը՝ հասկանալու, թե ինչու է այդ վիճակը, երբ օրինակ՝ Կիևյան կամուրջում այդպիսի խնդիր չկա»,- ասել է նա։
Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ քաղաքում հեղեղատար համակարգի գոյություն չունեցող հատվածները գույքագրված են։
«Վերակառուցման ենթակա համակարգերը 50 հասցեներում ամբողջ ծավալով գույքագրված են։ Պատվիրել ենք այդ 50 հասցեների կառուցման ու վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ Բոլորը պատրաստ են, անցել են փորձաքննություն։ Ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ, 52 կմ 695 մետր»,- նշեց Արեյանը։
Նա ավելացրեց, որ հասցեները առանձնացրել են։ «Այո, մրցույթն էլ ենք հայտարարել. Սեբաստիա–Բագրատունյաց՝ դեպի Հրազդանի կիրճ, և Բագրատունյաց–Թամանցիներ փողոցները կապող հատվածը՝ Գործարանային մետրոյի մոտ»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ շատ կարևոր է հասկանալ խնդրի ծավալը։
«Գույքագրումն արված է։ Կառավարության գործընկերների հետ, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ խոսակցության արդյունքում, հասել ենք համաձայնության, որ բացի կոյուղատար համակարգերից, պետք է հասնենք նաև անձրևատար և հեղեղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման։ Այս տարի այս ծավալից որոշակի պետք է սկսենք»։