Երևան

Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է․

«2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ։ Իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։

Ինչպե՞ս ենք մենք դա անում․

- Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, որն ապահովում է թափանցիկություն ու հաշվետվողականություն։

- Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․ այստեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում։

Բայց սա միայն առաջին շերտն է։ Մենք ավտոմատացրել ենք ներսում ընթացող աշխատանքները և հիմնել միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։

Այսօր արդեն 12 վարչություն աշխատում է GIS-ի վրա՝

- Աղբամանների և աղբատարների մոնիթորինգ,
- Քաղաքաշինական պլանավորում 3D մոդելներով,
- Տրանսպորտի երթուղիների օպտիմալացում,
- Կանաչ տարածքների խելացի ոռոգում և շատ ավելին։

Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում։

Մեր հաջորդ քայլը Երևանի թվային երկվորյակի ստեղծումն է՝

- Օդային,
- Գետնային,
- Ստորգետնյա տվյալներով, որոնք թույլ կտան մոդելավորել իրական սցենարներ և կայացնել ավելի խելացի որոշումներ։

Մեր տեսլականը․ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝

- Թվային,
- Ճկուն,
- Տվյալահենք,
- Բաց նորարարների ու ստեղծարարների համար։