Երևան

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: 

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը:

Քաղաքն առաջին անգամ ստանձնեց այդպիսի նախաձեռնության ամբողջ ֆինանսավորումը՝ հատկացնելով շուրջ 85 միլիոն դրամ: 

«Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մենք բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի մասնակցությունը համաշխարհային մշակութային կյանքին: Հազարից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ՝ ավելի քան 90 երկրում։ Նա այն մարդն էր, ում անունը ճանաչում էին առանց թարգմանության կարիքի և երկար բացատրությունների, պարզապես, որովհետև դա Ազնավուրն էր։ Նա այն մարդն էր, ում արվեստը մինչև այսօր չի պահանջում բացատրություն, չունի թարգմանության կարիք։ Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր, ինչպես երևանցիների, այնպես էլ աշխարհի հազարավոր մեր հյուրերի համար, վայր, որտեղ կարելի է կրկին հանդիպել լեգենդար Շառլ Ազնավուրին»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ։