«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որ կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ։
«Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մենք բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակույթների մեջ։ Շառլ Ազնավուրը՝ ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկն է․ 1000-ից ավելի երգեր, ֆիլմեր, անուններ ավելի քան 90 երկրներում։ Նա այն մարդն էր, ում այստեղ ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այդ մարդը, ում ճանաչում են, և իր արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրությունների։ 20-րդ դարի ընթացքում Ազնավուրը համարվեց Ֆրանսիայի ամենանշանակալի մշակութային դեմքերից մեկը, մարդ, ով մարմնավորում էր սերնդի արժեքները, մշակույթը, Եղեռնից փրկվածների հիշողությունը, արվեստի մարդկային լեզուն։ Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որ կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։ Մեր ժողովրդի, մեր երկրի համար կարևոր է Ազնավուրը, երբեք չի դադարի լինել Հայաստանի կողքին՝ անկախ ժամանակներից և համոզմունքներից», – մասնավորապես ասել է Տիգրան Ավինյանը։
Արձանի տեղադրումը նախաձեռնվել և ամբողջությամբ ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ սա բացառիկ է այն առումով, որ քաղաքապետարանը նման նախաձեռնություններ չի իրականացնում։