Երևան

Նոր Նորքի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային կապող նոր ճանապարհ է կառուցվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր Նորք վարչական շրջանում կայացել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթը։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով թեմային, կարևորել է ճանապարհի կառուցումը։ «Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև հետագայում էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն կտա Մյասնիկյանում ունենալ ավտոբուսային գծեր։ Փաստացի, այս ճանապարհը նախատեսվում է, որ Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության զգալի մասը կվերցնի իր վրա»։

Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է տրանսպորտով երթևեկողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ ապահովելով որոշակի այլընտրանքներ։ «Այս այլընտրանքային ճանապարհը լինելու է այդ ուղղությամբ կարևոր նշանակետերից մեկը»,- ասել է քաղաքապետը։