Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինիի և բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հետ:
Երկու կառույցների համագործակցության առաջին փուլով նախատեսված 15-ից 14 մանկապարտեզ արդեն վերակառուցվել է։ Եվս 47 հանրային շենքերում իրականացվում են ֆոտովոլտային վահանակների, արևային ջրատաքացուցիչների, կաթսաների տեղադրման և լուսավորության արդիականացման աշխատանքներ:
Ծրագրի ներկա՝ երկրորդ փուլում կվերակառուցվի ևս 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա՝ ներառելով ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ լուծումներով շինարարական աշխատանքներ:
Առանձնակի կարևորելով բանկի հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է ԵՆԲ-ի առանցքային ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև առաջադեմ փորձի ու գիտելիքի փոխանակման տեսանկյունից։ Վերջինս հնարավորություն է տալիս հզորացնել քաղաքապետարանի կարողությունները հատկապես կայուն, կանաչ ենթակառուցվածքների ձևավորման և պատասխանատու շինարարության ոլորտներում: