Համայնքային ծառայությունների միասնական հարթակը՝ «Y.E.S»-ն այսօրվանից կգործարկվի փուլային. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը։
«Այս հարթակը համախմբում է Երևանի քաղաքապետարանի և իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Սրա գերնպատակը առավել հարմար ծառայություններ հասցնելն է։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար և օգտվել»,- տեղեկացրեց նա։
Նա իր օրինակով ցույց տվեց՝ ինչպես է աշխատում ծրագիրը։
«Մուտք եմ գործել համակարգ, և այն ինքնաշխատ ճանաչել է ինձ, իմ գույքը, տրանսպորտային միջոցները, հաշվարկել դրանց պարտավորությունները։ Այլևս անհրաժեշտություն չկա հիշել որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար կամ այցելել մեկ պատուհաններ»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ հարթակի հետագա զարգացումը ենթադրում է նաև հավելվածներ․
«Շատ ցանկալի կլիներ, որ մինչև տարվա վերջ նաև հարթակը հասանելի լիներ հավելվածներում»։
Քաղաքապետը հանձնարարեց առաջիկա մեկ շաբաթում արձանագրել բոլոր խնդիրները․ «Ես պետք է խնդրեմ՝ բոլորն իրենց հատվածներով նորից անցնեն բոլոր դիմումներով, և այս շաբաթը փորձնական շաբաթ համարենք, որպեսզի ի հայտ բերենք բոլոր հնարավոր խնդիրները, որոնք շատ արագ կլուծվեն»,- նշեց նա։
Համակարգում հնարավոր կլինի մուտք գործել դեմքի նույնականացմամբ, ինչպես նաև նույնականացման քարտով և Mobile ID-ով։