Երևանի ավագանին քննարկում է 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ․ Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևանին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացները քննող հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Այն ներկայացրել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տասնամյակներում համայնքային մի շարք գույքեր, հատկապես, մանկապարտեզներ են օտարվել, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ գնալու իրավունքից։ «Այդ խնդիրն առկա է, տարիներ շարունակ հասարակության մեջ խոսակցությունների մակարդակով եղել է»,- ասել է նա։
Գալջյանը նշել է, որ սկզբում իրենք առաջարկել են ուսումնասիրել մանկապարտեզների օտարման գործընթացը, սակայն առաջարկվել է քննարկել նաև երաժշտական կամ սպորտդպրոցների հարցը, դրա համար էլ նախատեսված է գրել «դպրոցներ» բառը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մանակցել հանձնաժողովի աշխատանքներին։