Ինչի՞ համար եք անում այն ակնարկները, որ «Ակտիվ քաղաքացի» հավելվածը մեզնից շատ ավելի վաղուց է ստեղծվել. Երևանի ավագանու նիստում ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին։
«Եթե մտածում եք՝ այդ հավելվածի գաղափարի հեղինակը դուք եք, ուզում եմ հասկանալ, օրինակ, Մոսկվայի քաղաքապետարանի կողմից 2014 թվականի «Активный гражданин» հավելվածի հեղինակը Հայկ Մարությա՞նն է, էլի դո՞ւք եք արել։ Կամ, Ձեր կարծիքով, եթե մենք ինչ-որ միտք ունեինք՝ արված աշխատանքը նենգաբար սեփականաշնորհելու, մերը ներկայացնելու, այդ նույն անվանումն ինչու՞ էինք պահում։ Մտածում եք՝ մի լոգո չէի՞նք կարող փոխել, ներկայացնել»,- ասել է Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նշել է, որ նման բջջային հավելված, որով քաղաքացին կհայտնի ամենօրյա խնդիրների մասին, չի եղել նախկին քաղաքապետի օրոք։