Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հպարտությամբ ներկայացնում են Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:
Հայտադիմումի ուղեցույց
Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային, գրված անգլերեն կամ թարգմանված անգլերեն։
• Պատմվածքները չպետք է գերազանցեն 3500 բառը։
• Ձևաչափի պահանջները՝ Times New Roman, 12 տառաչափ, 1.5 միջտողային հեռավորություն:
• Խնդրում ենք նշել բառերի քանակը առաջին էջի վերևում։
• Խնդրում ենք չկցել շապիկի կամ վերնագրի էջ։
• Հայտադիմումները պետք է ուղարկվեն PDF և Word ձևաչափերով
Հայտն անհրաժեշտ է ուղարկել info@evnbookfest.com էլ. հասցեին՝ վերնագրում նշելով անուն, ազգանուն, երկիր (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան | Հայաստան)
Նամակին անհրաժեշտ է կցել նաև
• Կոնտակտային տվյալներ
• Լուսանկար
• Անգլերեն կենսագրություն (CV)
Պատմվածքները պետք է լինեն հեղինակի սեփական ստեղծագործությունը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 20-ն է (ներառյալ)։
Մրցույթի փուլեր
Մրցանակաբաշխությունից քսան օր առաջ ընտրված պատմվածքների երկար ցանկը կհրապարակվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի կայքում։ Փառատոնից տասը օր առաջ կհայտարարվի կարճ ցանկը։ Փառատոնի փակման արարողությանը կարճ ցանկում ընդգրկված հեղինակների ներկայությունը ցանկալի է: Նրանց գործերը կթարգմանվեն հայերեն և կտպագրվեն:
Փառատոնի գրասենյակը նախապես կապ կհաստատի հաղթողի հետ՝ Հայաստան այցը կազմակերպելու համար։
Արդյունքներ և մրցանակ
Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ։ Հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող կտավ, որը մեծահոգաբար նվիրաբերում է Սարոյան հիմնադրամը։
Սարոյանի անվան մրցանակի ժյուրիի անդամներ
Սքոթ Սեդրակյան - Սարոյան հիմնադրամի նախագահ
Զավեն Բոյաջյան - թարգմանիչ, կինոգետ
Լիլիթ Մելիքսեթյան - բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Դավիթ Իսաջանյան - թարգմանիչ, թարգմանաբան
Արմինե Անդա - մանկագիր, դերասանուհի
Շուշան Ավագյան - թարգմանիչ, դասախոս և Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի համակարգող
Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է:
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա 2025 թ. սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: