Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։
ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ տեխնիկական միջոցների և համաշխարհային տեխնոլոգիական ստանդարտների կիրառմամբ։
Լաբորատորիան համալրված է ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող առաջատար ծրագրային ու տեխնիկական լուծումներով, որոնք լայնորեն կիրառվում են ավտոմոբիլային, օդատիեզերական և մի շարք այլ ոլորտներում գործող համաշխարհային ընկերությունների կողմից։
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր ու կոնկրետ քայլ է։ Այն հարթակ է, որտեղ նոր սերնդի ինժեներներն ու նորարարները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ՝ բարձր պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտներում։
Մեր նպատակը հստակ է՝ զարգացնել տեղական մասնագիտական ներուժը և Հայաստանը դարձնել դիտարկելի և մրցունակ հանգույց կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ շղթայում»,- գրել է քաղաքապետը։