Ավտոբուսներում չվճարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախագիծը, վստահ եմ, կփոխի իրավիճակը. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մարդն անպատասխանատու է՝ կարող է չվճարել, չի վճարում։ Ու չի գիտակցում, որ այդ վճարումը վաղվա ավտոբուսի վերանորոգումն է, հաջորդ ավտոբուսի գնումն է, հարմարավետության ապահովումն է ողջ քաղաքի համար։
Իրեն, իհարկե, դա չի հետաքրքրի, իրեն հետաքրքրում է մի բան՝ պատասխանատության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, ինչ է եղել, որ, այդպես էլ կշարունակվի»։
Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրները փոքր թիվ են կազմում.
«Բոլոր ավտոբուսների մեջ և դռների վրա տեսախցիկներ կան, կա համակարգ, որը հաշվում է՝ քանի հոգի մտավ ավտոբուս, քանիսը դուրս եկավ։ Կա համակարգ, որ հաշվում է՝ քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, քանի հոգի ուղղակի կողքով անցավ, քանի հոգի սև ցուցակն ընկած բանկային քարտը մոտեցրին վալիդատորին։ Մենք բավական հնարամիտ ժողովուրդ ենք, զարմացած դեմք էլ կարող ենք անել այն ընթացքում, երբ SAS-ի QR-կոդն ենք մոտեցնում»,- նշել է Ավինյանը։