Շատ դեպքերում որոշակի ենթակառուցվածքներ համայնքային չեն, այլ պետական գույք, և պետք է հասկանալ՝ ինչպես ենք դրա հետ վարվում. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանը շարունակաբար ինչ-որ աշխատանքներ իրականացնում է, բայց կան խնդիրներ, որոնք անորոշ են, օդում կախված, ֆինանսավորման հարցեր կան, և պետք է որոշել՝ ով է դրա պատասխանատուն։ Կոյուղատարերի 400 վթար է եղել միայն 1 շաբաթվա ընթացքում, և դրա հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ։ Մենք լուծում ենք տալիս անընդհատ, բայց այդ համակարգերի մաշվածությունն աննկարագրելի է արդեն»,- նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի 13-14 կմ կոյուղի է ներդրվել Երևանում, 2023-ին՝ ևս։
«Արել ենք և պետք է հիմա նվիրաբերենք, ամենայն հավանականությամբ, Կառավարությանը, որովհետև դա պետական գույք է, որը հետո Կառավարությունը նախարարության միջոցով պետք է հանձնի արդեն «Վեոլիա-ին»,- ասել է Ավինյանն՝ ընդգծելով, որ խնդրին համալիր մոտեցում է անհրաժեշտ․
«Հարցին համալիր մոտեցում է պետք, քանի որ քաղաքապետարանի ռեսուրսներն անսահմանափակ չեն»: