Երևան

Մեկնարկում ենք «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը. փոխքաղաքապետ

Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։

«Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային շրջանի գլխավոր հատակագծում և կդառնա մայրաքաղաքի 11-րդ կայարանը՝ կապելով Հրազդան գետի ձախ ափը քաղաքի կենտրոնի հետ։ Այսօր մենք գտնվում ենք միանգամայն նոր փուլում։ Այժմ մենք այլևս պարզապես չենք երազում այս կայարանի մասին, այլ անցնում ենք դրա իրագործմանը։ Այս ռազմավարական ծրագիրը կբարելավի տասնյակ հազարավոր քաղաքացիների տրանսպորտային հասանելիությունը, կնվազեցնի արտանետումները, կխնայի ժամանակ և կնպաստի կրթության, առողջապահության և աշխատանքի հասանելիության աճին։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս նախագիծը ոչ միայն հիմնավորված է, այլև տնտեսապես շահավետ։ Ներկայումս նախագիծը գտնվում է փորձաքննության վերջին փուլում, քննարկվում են մի քանի ֆինանսավորման մոդելներ, և մեր նպատակն է շինարարությունը սկսել մինչև 2026թ․ սկիզբը՝ այդկերպ նպաստելով Երևանի կայուն և համաչափ զարգացմանը»,- նշել է փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն էլ մասնակցել է ՀՀ և ՌԴ քույր քաղաքների երկխոսությանը, ներկայացրել Երևանի և ՌԴ քաղաքների միջև ձևավորված գործակցության ծրագրերը: