Երևան

Կարևորվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ դը Ֆրանսի շրջանի խորհրդի հետ։ Համագործակցությամբ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության, կանաչապատման և այլ բնագավառներում։  

«Այս համագործակցությունը հնարավոր է դարձել երկամյա և եռամյա համաձայնագրերի շրջանակներում, որոնք ոչ միայն ապահովում են կայուն ծրագրային համագործակցություն, այլ նաև համադրվում են համայնքների կողմից իրականացվող բարեփոխումների հետ։ Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը նոր ուղի կբացի փոխշահավետ գործընկերության համար», - նշել է Լևոն Հովհաննիսյանը։

Համաժողովի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իլ  դը Ֆրանս շրջանի նախագահի տեղակալ Անն-Լուիզ Մեսադիոյի և Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ էլեն Դյուվիվիեի հետ: Կողմերը քննարկել են ընթացիկ ծրագրերն ու հետագա գործակցության հնարավոր ուղղությունները: