«Ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա, և կապ չունի, թե որ պաշտոնյայի կողմից է դա արվում»,- հայտարարել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քրեական վարույթների շրջանակներում քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների ձերբակալություններին ու կալանավորումներին։ Միաժամանակ, նա նշել է, թե քաղաքապետարանը որոշ անհանգստություններ ունի. «Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում»,- ասել է նա։
Ըստ Կոստանյանի՝ մի դեպքում մարդը կալանավորվում է ենթադրյալ միջնորդություն իրականացնելու համար, մեկ այլ դեպքում պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար. ինչը խնդրահարույց է։
Նա նշել է, թե որոշ դեպքերում իրենք համակարծիք են տեղի ունեցողի հետ, բայց կան դեպքեր, որ քաղաքապետարանի համար խնդրահարույց են։