Երևան

«Եթե չկա քաղաքական կամք, «Ակտիվ քաղաքացի» հարթակն ինչո՞ւ ենք ստեղծել». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, անդրադառնալով Transparency int. կազմակերպության՝ «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» զեկույցին, հայտարարել է, թե դրա ներկայացման ձևը ճիշտ չէ։

«Ակտիվ քաղաքացի» հարթակի մասին լսեցի, որ լավ բան է, բայց ողջ պոտենցիալով չի օգտագործվում։ Ինչի՞ վրա է հիմնված այդ գնահատականը։ Ես չեմ վիճում՝ մեծ պոտենցիալ ունի, բայց կարծում եմ՝ բավականաչափ օգտագործվում է»,- ասել է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ զեկույցում ասվում է, թե հարթակում նվազ կարևոր հարցեր են քննարկվում․

«Ես բացեցի հարթակը և արագ հաշվեցի հարցերը, օրինակ, հասցեների փոփոխության մասին, և հարցերը, որ առհասարակ չհիշատակեցիք (Կասկադի համալիրի արդիականացման երկու տարբերակների քննարկում, Ազնավուրին նվիրված քանդակի մրցույթի արդյունքների մասին կարծիք, Մերգելյանի պուրակի վերակառուցման ծրագիր)։ Ձեր նշած հարցերի շրջանակը՝ բոլորն իրար հետ, ունեն 2209 դիտում, իմ նշած հարցերը, որոնց մասին չհիշատակեցիք, միասին ունեն 79.841 դիտում։ Այսինքն, այս հարթակը ներկայացնել, մի կտորը չներկայացնել, ինձ թվում է՝ սխալ ֆոկուս է»։ 

Գրիգորյանը նաև շեշտել է՝ գնահատական է հնչում, որ քաղաքապետարանն անում է օրենքով պահանջված նվազագույնը, բայց նման հարթակ ունենալը որևէ օրենքով նախատեսված չէ. «Նման հարթակ ունենալը պարտադիր չէ, հետևաբար, հարց է առաջանում՝ եթե չկա ներգրավվածության քաղաքական կամք, այս հարթակն ինչո՞ւ ենք ստեղծել»։

Նա նաև նշել է, թե ակտիվ քաղաքացի հարթակը ոչ միայն հնարավորություն է, այլև էականորեն լսելի է դարձնում մարդկանց ձայնը. «Թեժ գծի ծանրաբեռնվածությունը էականորեն նվազել է, և դրա հաշվին մարդը իր խնդիրը տեղ է հասցնում»։