Երևան

Մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրվել են հուզական աջակցության թեժ գծի վերաբերյալ պաստառներ

Մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրվել են հուզական աջակցության թեժ գծի վերաբերյալ պաստառներ

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության կարևորության, հոգեկան մարտահրավերների, ինչպես նաև բուժման և աջակցման հնարավորությունների վերաբերյալ։

Ինչու՞ է սա կարևորվում քաղաքապետարանի կողմից.

•    խարանի հաղթահարում. շատերը դեռևս ամաչում են խոսել իրենց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների մասին։ Այս ամիսը օգնում է խախտել լռությունը,
•    իրազեկում և ուղղորդում. տրամադրվում են տեղեկություններ, որոնց միջոցով մարդիկ կարող են իմանալ հոգեբանական/հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների նշաններն ինչպես իրենց, այնպես էլ իրենց հարազատների շրջանում,
•    աջակցություն և հասանելիություն. ուշադրություն է դարձվում աջակցության հնարավորություններին՝ թեժ գծի, անվճար խորհրդատվությունների և տարբեր իրազեկող միջոցառումների ձևով՝ ապահովելով հասանելիություն։

Հոգեկան առողջության իրազեկման ամիսը՝ մայիսը, կարևորվում է մեր կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը միտված է մարդկանց իրազեկելուն, խարանը հաղթահարելուն և նրանց հորդորելու՝ հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։

Երևանի քաղաքապետարանը համագործակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրել է գովազդային 7 պաստառ հուզական աջակցության անվճար «Թեժ գծի» վերաբերյալ, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսելու հոգեկան առողջության մասին իրենց հուզող բոլոր հարցերի կապակցությամբ և ստանալու համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Երևանի քաղաքապետարանի կողմից իրագործվող ծրագիրը և իրազեկման այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հոգեկան առողջության շուրջ բաց, խարանից զերծ երկխոսություն ստեղծելու և այն որպես ընդհանուր բարեկեցության բաղկացուցիչ մաս ընկալելու առումով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական