Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել ավագանու նիստում` շեշտելով, որ քաղաքապետարանն ահռելի ծավալներով աշխատանք է իրականացնում, ինչպիսին չի արվել վերջին 35-37 տարվա ընթացքում։
«Մոտ 100 ծրագրի մեջ 4-5 ծրագիր խնդրահարույց է, և, վստահաբար, ավագանու ընդդիմադիր խմբակցություններից երբ բարձրաձայնում են, որ խնդիր կա տվյալ մանկապարտեզում, ճիշտ են ասում։ 2023թ. քաղաքապետ ընտրվելուց հետո այդ մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ որակի, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված էլ կային քրգործեր։ Բայց ուզում եմ մասշտաբը հասկանալ՝ խոսքը գնում է 100 ծրագրի մասին, որից 5-ում կա խնդիր»,- ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է, որ ընդդիմադիրներն ի ցույց են դնում այն խնդիրները, որոնց մասին նաև իրենք են տեղյակ. «Նրանք գնում և խնդիր են գտնում այն մանկապարտեզներում, որոնք մենք էլ գիտեինք, լավ տեղեկացված ենք, որոշների վերաբերյալ կան պոտենցիալ դատական վեճեր և այլն։
Ամենավատ, մոլորեցնող քայլն այն է, որ այս 2-3 մանկապարտեզներով, որ ի ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում են պատկեր ստեղծել, թե համատարած է նման խնդիրը։ Սա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է քաղաքապետը։
Նա նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը այս տարի միայն 10 մանկապարտեզ է վերաբացելու՝ հիմնանորոգված ամենաբարձր որակով։ Նա ավագանու ընդդիմադիր անդամներին հրավիրել է առաջիկայում այդ մանկապարտեզների բացմանը։