Երևան

«Փոշեկլանիչ ցանցերն առողջության խնդիր են լուծում». քաղաքապետ

Փոշեկլանիչ ցանցերը պարզապես ծախս չեն կառուցապատողների համար, դրանք Երևանում մարդկանց առողջության խնդիրն են լուծում։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում ձմռանը, իհարկե, նաև դիրքավորմամբ պայմանավորված, ունենում ենք շատ ոչ բարենպաստ օդի որակ։ Իրականում դրա վրա ազդեցություն ունեն նաև շինարարությունները, հանքերը՝ Երևանում և Երևանից դուրս գործող։ Երբ կառուցապատողն ինչ-որ աշխատանք է իրականացնում, ենթադրվում է, որ պատասխանատվություն պետք է ունենա իր շրջակա միջավայրի նկատմամբ։ Կառուցապատողը պարտավոր է շինարարություն կատարելիս համապատասխան կահավորել շինհրապարակը և համապատասխան ցանցեր անցկացնել»,- նշեց քաղաքապետը՝ ընդգծելով, որ սա պատասխանատվություն է քաղաքացիների, երեխաների նկատմամբ։

Տիգրան Ավինյանը նշեց, որ Ազգային ժողովին առաջարկել են էականորեն բարձրացնել տուգանքները նման վարքագծի համար։