Երևան-Մարսել ավելի քան 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին: Հանդիպման շրջանակում քաղաքապետներն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության օրակարգում միանման խնդիրների լուծումներն են. վերաբերմունքը նույնն է՝ առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններն ամուր են առավել քան երբևէ, դրանք հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և արժեքների ընդհանրության վրա և հետևաբար՝ Երևան-Մարսել համագործակցությունը և բարեկամությունը ևս ամուր է առավել, քան երբևէ»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու համոզմունք հայտնել, որ երկու քաղաքների միջև հաստատվող նոր գործակցությունը ևս կառանձնանա իր արդյունավետությամբ:
«Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։ Հավատացած եմ, որ ստորագրվող հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։ Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն իր հերթին նշել է, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի Մարսելի համար, և ընդգծել, որ ստորագրվող փաստաթուղթը հնարավորություն կտա ավելի հեռու գնալ:
«Մեր քաղաքները խոսում են մարդկության ու մարդկայնության հետ, դրանք ունեն խաչված ճակատագրեր: Մենք շարունակելու ենք արարել ձեռք ձեռքի բռնած, միմյանց օգնելով և պետք է կարողանանք առաջ տանել մեր համատեղ լուծումները, որոնք կկերտեն մեր լուսավոր ապագան: Այս հռչակագիրը պետք է կարողանա ապրեցնել Մարսելն ու Երևանը: Մեծ եղեռնից մազապուրծ հայերն իրենց հետ Ֆրանսիա բերեցին ոչ միայն իրենց հավերժական վիշտը, այլև իրենց հավերժական մշակույթը: Հայությունը մեծ հնարավորություն է թե՛ Ֆրանսիայի, թե՛ Մարսելի համար,-»,- նշել է Մարսելի քաղաքապետը:
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փորձի փոխանակմանն ու երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված այս փաստաթղթին կհաջորդի եռամյա ծրագրի ստորագրումը, որն էլ կդառնա աշխատանքային հստակ օրակարգ Երևանի ու Մարսելի համար: