Երևան

«Երբ դրականի մասին չենք խոսում, սկսում են ճկույթով ասֆալտ քերել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում կառուցված կասկադային համալիրին։ Կառուցվել է 224 աստիճանահարթակ, մանկական խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: 

Արձագանքելով աշխատանքներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե քաղաքապետարանը, նախորդ ժամանակաշրջանների համեմատ, բազմապատկել է իր աշխատանքները. «Նմանատիպ բարեկարգման աշխատանքները դարձել են սովորական»։ 

Նա շնորհակալություն է հայտնել այս ծրագրում ներգրավված անձանց. «Այնտեղ 6-7 հա տարածքում իրականացրել ենք ծառատունկ, իրականացրել ենք ոռոգման համակարգի աշխատանքներ»։

Նա նշել է, թե այն ծավալի աշխատանքը, որ անում է քաղաքապետարանը, որևէ տասնամյակի կամ քսանամյակի հետ համեմատելը դժվար է. «Այդտեղ այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաև խնդրահարույց հարցեր։ Ունենք մանկապարտեզներ, այգիներ, որտեղ դժվար է պրոցեսը գնում։ Բայց երբ դրականի մասին շատ չենք խոսում, չենք թմբկահարում, սկսում են ճկույթով ասֆալտ քերել մի տեղ, որտեղ քաղաքապետարանն աշխատանքները չի ընդունել»,- ասել է նա։