Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր գործակարգավարական նիստում զեկուցեց մեծ ծավալի հիմնանորոգման աշխատանքների մասին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի նույնպես կենսապահովման ոլորտում ծրագրված են մեծածավալ աշխատանքներ.
«Եվ ջրամատակարարման, և՛ գազի, և՛ էլեկտրամատակարարման ոլորտում, կոյուղագծերի հիմնանորոգման մասով ունենք ահռելի ծավալի աշխատանքներ։ Սրանք նաև բերում են մեծ խնդիրներ, քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական աշխատանքները ստեղծում են խցանումներ, բայց կարևոր է արձանագրել՝ ինչի համար են արվում։ Միշտ չէ, որ պարզ է՝ այս ծավալի աշխատանքն ինչ արդյունք ունի։ Օրինակ, էլեկտրամատակարարման ոլորտում իրականացվող աշխատանքներն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, մասնավորապես, անջատումների քանակի նվազեցմանը՝ արդեն բազմաթիվ դարձած խափանումներից զերծ մնալու համար։ Կոյուղիների մասով, վստահաբար, մարդիկ գիտեն, հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Ունենք ջրամատակարարման ոլորտում ահռելի աշխատանքներ, որոնք պետք է տարիներ առաջ արված լինեին, արվում են հիմա՝ մեծ ծավալով»։
Քաղաքապետը նշեց, որ չպետք է մոռանալ ավագանու կողմից սահմանված կանոնների մասին, որոնք պետք է զուգորդվեն այս աշխատանքների իրականացման ժամանակ․
«Մասնավորապես, պատշաճ կահավորման աշխատանքներն ավագանու որոշմանը համապատասխան իրականացնելու, դրա վերահսկողության մասով։ Այստեղ մեծ դեր ունեն վարչական շրջանները․ վերահսկողության հատվածը ձեզ վրա է դրված։ Ջրային կոմիտեի գործընկերների հետ պետք է զրույց ունենալ այս թեմայով, մեր մյուս գործընկերներն արդեն կանոններից քաջատեղյակ են, անում են, պատշաճ կահավորումը տեսնում ենք»։
Քաղաքապետն ընդգծեց, որ թեև շատ անհարմարություններ են լինելու, բայց տասնամյակների համար ենթակառուցվածքներ են ստեղծվում։