Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտնել է, որ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, ուստի այժմ քաղաքաշինության կոմիտեն քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում առկա հայեցակարգերի ու այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ մեկ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ»։
Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե 4 տարի է՝ մրցութային պրոցեսն ընթանում է, հիշեցրել է, որ այս մասին հայտարարվել է դեռ իր՝ փոխվարչապետ եղած ժամանակ. «2021թ․ անցավ 4 տարի, մրցութային գործընթացով չունենք հաղթող, բայց ունենք նյութեր, որոնց հետ կարելի է աշխատել»։
Քաղաքապետը շեշտել է, որ անհատապես որևէ մեկի մեղավորությունը չի ուզում փնտրել՝ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ. «Այս փուլից սկսած մեր խնդիրը հետևյալն է՝ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հասկանալ նյութերը, որ այս մրցույթի արդյունքում ստացել ենք, վստահաբար դիտարկման արժանի նախագծեր կլինեն։ Դրանց համադրությամբ ունենալ շատ նախնական մի ձևակերպում, որ թույլ կտա ինչ-որ տրամաբանությամբ քաղաքապետարանին՝ այդ գործընթացն առաջ տանել, գտնել ներդրողներ, ու Կոնդի վերակառուցման ծրագիրը սկսել վերջապես իրականացնել։ Մենք շատ ենք խոսում՝ մրցութային ընթացակարգով անենք, այսպես անենք, այնպես անենք, բայց տեսնում ենք՝ միշտ չէ, որ մրցութային ընթացակարգը լավագույն լուծումն է կամ լավագույն տրամաբանությունը։ Պետք է այստեղ իրական կյանքին մոտ լուծումներ գտնել»։