Երևան

«Դեռևս այնպես չէ, որ մաքրելու քիչ հատվածներ ունենք». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեղծվել է համապատասխան հարթակ, mobile mapping գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա կրիչները. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ խոսքը գովազդային վահանակների մասին է։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ էական ծավալով մաքրվել են անօրինական կրիչները, այնուամենայնիվ, դեռևս մաքրելու շատ հատվածներ կան. 

«Առաջարկում եմ ժամկետ ասել, որ ֆիքսենք, որ ամբողջովին գույքագրված են օրինական կրիչները, որպեսզի քարտեզին նայելով հասկանանք՝ որոնք են մնացել անօրինական։ Տերյան փողոցով անցնում ես, տեսնում ես մեր չափորոշիչներին չհամապատասխանող կրիչներ՝ նախկինից մնացած։ Այս տեսակ բաները, թեկուզ քիչ քանակով, եթե մնում են, որոշակի անարդարության զգացողություն են մարդկանց մոտ արթնացնում»,- նշեց Ավինյանը։ 

Քաղաքապետը նշեց, որ չնայած գովազդների համար բավականին խիստ կարգավորման դաշտ է ստեղծվել, այնուամենայնիվ, 2 լրացման կարիք կա. 

«Առաջինը, որ հողային հատվածներում, գազոնային հատվածներում Երևանի քաղաքապետարանը ուղղակի հնարավորություն չունենա տալ գովազդային վահանակ, կրիչ, որևէ բան։ Այդ հատվածներից բացառենք՝ ավագանու որոշմամբ։ Երկրորդը՝ որոշակի հեռավորություններ սահմանվեն։ Մի խաչմերուկում բազմաթիվ կրիչներ չլինեն»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ կանաչապատ տարածքների վերաբերյալ համապատասխան նախագիծը կազմվել է և առաջիկայում կներկայացվի, մյուս կարգավորման վերաբերյալ էլ կուսումնասիրեն խնդիրը։