Վերջին 3 տարվա ընթացքում, բացի այսօրվա 6 հեկտարից, մոտ 48 հեկտար տարածքի վրա 20 հազար ծառ ենք տնկել։ Այսօր իրականացվող ծառատունկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հաջորդը պլանավորում ենք մոտավորպես 250 հեկտար տարածքի վրա՝ Դալմայի այգիներում, անտառի վերականգնման աշխատանքներ անել»,- ասաց նա։
Խոսելով օդի աղտոտվածության խնդրի մասին՝ քաղաքապետն ասաց՝ սա տասնամյակների խնդիր է։
«Սկսել ենք խոսել խնդրի շուրջ, որովհետև փաստացի ունենք սարքավորումներ, որոնք ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության մակարդակը նորմայից էականորեն շեղվում է, բայց դա միայն Երևանին չի վերաբերում։ Ամբողջ Արարատյան տարածաշրջանն այդ ժամանակահատվածում ունի այդ խնդիրը, և քաղաքապետարանն ունի իր քառամյա ծրագրիրը՝ խնդրի մեղմման ուղղությամբ։ Հիմնական գործիքակազմը վերաբերում է մշտադալար ծառերին, որոնք ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության խնդիրը որոշ չափով իրենց վրա են վերցնում։ Բայց ծրագրում կան նաև այլ միջոցառումներ»,- նշեց նա։