Երևան

Ավանի այգիներից մեկն անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի պատվին

Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ հանգստի այս գոտին իր հերթին կդառնա երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը: Միջոցառման շրջանակում հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։