Երևան

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ նախագծեր է իրականացնում

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ  մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ:

Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ոլորտներում: 

Կարևորելով էներգաարդյունավետությանը միտված համատեղ նախագծերը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ դրանք ոչ միայն ապահովում են հարմարավետ միջավայր, այլև համայնքին հնարավորություն են տալիս զգալի տնտեսումներ անել: 

Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրեր նախաձեռնելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը: