«Նախ, պետք է արձանագրել, որ ամենաբարձր տոկոսը հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։ Կրկնակի ավել ձայն է հավաքել երկրորդ տեղի համեմատ»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին․ «Երբ պառլամենտական երկրում ընդհանուր տենդենցը նայում ենք, հաճախ ենք դա տեսնելու տարբեր ընտրությունների ժամանակ։ Բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավել տոկոս չի հավաքում»։
Նա նշել է՝ քանի որ ընտրվել է խորհրդարանական կառավարման համակարգը, հետագա տասնամյակների ընտրությունների շատ արդյունքներ նմանատիպ են լինելու։
Քաղաքապետը նաև ասել է, որ Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ էին շատ խոսում վարչական ռեսուրսների կիրառման մասին, սակայն երբ տեղի ունեցան ընտրությունները, «փաստերով տեսանք, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»։
Ավինյանը վստահեցրել է՝ իրենք հստակ ճանապարհ են որդեգրել. «ՀՀ-ն ժողովրդավար, ազատ անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր է դառնալու։ Անկախ նրանից՝ ընտրություններում քանի տոկոս ձայն ենք հավաքելու, այդ ճանապարհից չենք շեղվելու»։