Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի ներդրումային ծրագրին: Նա հայտնել է, որ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է նախարարական կոմիտեի նիստում:
«Զուգահեռաբար, տարածքում առկա գույքերի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Երևան-Նախագիծ» ընկերությունը կատարել է առկա գույքի նոր չափագրություն՝ դրանք համադրելու վկայականներում առկա սխեմաների հետ: Սա արվել է՝ պարզելու համար, թե արդյոք դրանք ընդլայնվել կամ փոփոխության են ենթարկվել», - ասել է նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ վկայականների համադրումից հետո «Երևան-Նախագիծ» ընկերությունը պետք է ներկայացնի համառոտ տեղեկատվություն: «Բայց ընդհանուր առմամբ, դա չպետք է խոչընդոտի հանրային գերակա շահի մասին որոշման ընդունման գործընթացին», - հավելել է նա:
Քաղաքապետը նաև նշել է, որ տարածքում մեկ գույքի հետ կապված խնդիր կա, որն առնչվում է դատախազությանը: «Այդտեղ կա մի գույք, որն ապօրինի գույքի բռնագանձման մասին գործով քննության առարկա է: Այդ գույքը ցանկում ներառելու, հանրային գերակա շահ ճանաչելու և միաժամանակ դատաիրավական մարմինների արդյունքներով պայմանավորված՝ մենք պետք է դատախազությունից տեղեկություն ստանանք: Մենք գրավոր դիմել ենք՝ հասկանալու համար, թե այդ գույքի նկատմամբ ինչպիսի ռեժիմ պետք է կիրառվի», - պարզաբանել է նա:
Քաղաքապետն առաջարկել է առաջ շարժվել հանրային գերակա շահ ճանաչելու հարցում՝ մինչև դատախազությունից պատասխան ստանալը: