Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի 2024 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիշեցրել է իրենց նախընտրական կարգախոսը՝ «Ասե՛ք, կանենք»։ Նա նշել է, որ դա ոչ թե խոստում էր, այլ հստակ աշխատանքային ծրագիր։ «2024 թ. այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք»։
Նա նախ կոչ է արել հիշել, թե ինչ են ունեցել և դեպի ուր են շարժվում։ «Ունեցել ենք մի քաղաք, որի մայթերը զավթված են, այգիները բաժանված են տարբեր անհատների ու ընկերությունների միջև, տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ տարբեր հատվածներում իրենց գործունեությունն են ծավալել, և ընդհանուր առմամբ բիզնես տրամաբանությամբ քաղաք ենք ունեցել։ Ի՞նչ ենք մենք արել շարունակաբար՝ մենք մաքրել ենք այգիները, բացազատել ենք բակային տարածքները, սարքել ենք 124 բակ, սարքել ենք վերջին տարում 7 այգի, դրան գումարած՝ Մերգելյանի այգին, շարունակաբար կրպակներից ազատել ենք մայթերը և այսպես շարունակ»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի, նախկին տարիներին գեներացված սև փողերն ուղղվում են տարբեր ուժերի։ «Մեզ այսօր ասում են՝ գիտե՞ք, 4-րդ կարգի վթարայինների բնակարանների հարցը խոստում եք տվել ու չեք լուծել։ Վայ, կներեք։ Եկեք ձեզ հիշեցնեմ՝ Հյուսիսային պողոտայում ոնց էին մարդկանց տնից բռնի հանում, շպրտում դուրս, որ հիմա էլ ՄԻԵԴ-ում անցած գործերով ՀՀ-ն վճարում է այդ մարդկանց։ Դուք դրա հետ կապ չունե՞ք, չէ՞»։
Նա նշեց, որ ընդդիմությունը կապ չունի կյանքի գնով կատարվող աշխատանքի հետ։ «Դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ գաք, վատաբանեք ու ելույթ ունենաք»։ Նա հիշեցրել է, թե ինչ աշխատանքներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանը 2024 թ.։
Ըստ քաղաքապետի՝ ընդդիմությունն իր արշինով է չափում իրենց։ «Մենք ներդնում ենք ռեսուրսներ ոչ թե սեփական գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում»,- շեշտել է նա։
Ավինյանի խոսքով՝ իրենք շարունակելու են աշխատել, կառուցել բակեր, այգիներ։ «Եւ այո, Կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի, և մեր բոլոր խոստումներին մենք տեր ենք»։