Երևան

«Միայն 2024թ. ստեղծվել է 12.8հա կանաչ տարածք, ծառերի կպչողականությունը՝ 95% է». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի ստեղծել է 12.8 հեկտար կանաչ տարածք, տնկել է ծառեր՝ համապատասխան ոռոգման համակարգերով և անցկացրել է 31 հազար գծամետր ոռոգման համակարգ». այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի հարցին ի պատասխան։ Ավինյանը նաև շեշտել է, որ այդ ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։

Նա հիշեցրել է, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության քաղաքական ղեկավարը 3 տարի եղել է քաղաքապետ։ «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ձեր ղեկավարի՝ քաղաքապետ եղած տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան մեծ ծավալներով իրականացված ծառատնկման կպչողականությունը։ Այն կազմել է մոտավորապես 40 տոկոս»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում շատ տեղերում, որտեղ իրականացվել են ծառատնկման աշխատանքներ, ծառերը չորացել են, քանի որ ոռոգման համակարգ չի եղել։ «Վերջին 3 տարում Երևանի քաղաքապետարանը ստեղծել է մոտավորապես 45.8 հեկտար կանաչ տարածք»,- եզրափակել է նա։