Երևան

«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք». Կոստանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ ՏԿԵՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխություններին:

Նա նշել է, որ եվրոպական երկրներում, որտեղ մարդիկ անցել են միասնական տոմսային համակարգի, կիրառվում է նման համակարգ. «Անարդարության զգացումը, որ ունեն վճարող քաղաքացիները, թույլ չենք տալու, որ անարդարության մթնոլորտը գնալով խորանա: Եթե օրինապահ մարդիկ զգացին, որ միևնույն է՝ չվճարողների նկատմամբ որևէ բան չի կիրառվում, և այդ մարդիկ օգտվում են ծառայությունից նաև մեր վճարածի հաշվին, մենք ինչո՞ւ ենք վճարում: Մենք, մեր երեխաների և ընտանիքի անդամների համար գնում ենք փաթեթներ»,- ասել է նա:

«Տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ այն ավելի քան մեկ շաբաթ է՝ հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ըստ նրա՝ տուգանքի համակարգը կկիրառվի, երբ ԱԺ-ն ընդունի օրենքը. «Մի քանի մեխանիզմ է լինելու, և տուգանքի չափն էլ որոշակի տարբերություններ է ունենալու: Մի դեպքում դա վերաբերելու է ընդհանրապես չվճարողներին, մեկ այլ դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում կատարողներին»,- ասել է նա՝ հավելելով, որ օրենքն ԱԺ-ի կողմից ընդունելուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը կիրականացնի տուգանքի մեխանիզմը:

«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,- ասել է նա: