Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքի այգիների, պուրակների վարձավճարների չափին։ Նշվել է, որ վարձակալներին ծանուցում է ուղարկվել, սակայն մոտավորապես, 533 սուբյեկտ չի ստացել՝ ծանուցումները վերադարձվել են «չպահանջված» նշումով։
«Այդ սուբյեկտները, վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, չստանալով կարողանում են այնուամենայնիվ, ձեզնից լիցենզիաներ ստանալ ու գործունեություն ծավալել։ Ես նման դեպքեր գիտեմ։ Հետևապես, խնդրում եմ՝ այս 533-ի ցանկով ամեն վարչական շրջանի ղեկավար ստուգի՝ այդ սրճարանն աշխատում է, թե չի աշխատում, ձեզ լիցենզիայի համար դիմել է, թե չի դիմել։ Լիցենզիայի կամ թույլտվության համար գալիս, ձեզ դիմում է, բայց նոր կադաստրային արժեքով վճարի համար ոնց որ թե անհասանելի են դառնում։ Այստեղ դիսոնանս է», - հանձնարարել է նա։
Քաղաքապետը նաև նշել է, որ այգիներում նախկինում եղած կանաչապատ տարածքները փուլ-փուլ վերածվել են կառույցների. «Հիմա մենք հակառակ պրոցեսն ենք իրականացնում՝ լինի Օպերայի շրջակայքում, լինի Օղակաձև այգում, լինի՝ Մերգելյանի այգում։ Բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակ ենք դրել վերականգնել կանաչ տարածքներն ու քանդել հնացած կառույցները, վստահաբար իրականացնելու ենք»։