Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթ հաստատել է «Վեոլիա ջուր» ընկերության այս տարվա կատարելիք աշխատանքների նոր ծավալ։ Նա փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին խնդրեց այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։
Հովհաննիսյանի խոսքով՝ «Վեոլիա ջուր»-ն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում է անելու և արդիականացնելու է տարբեր թաղամասերում ենթակառուցվածքները։
«Ըստ կազմակերպության՝ կա ջրի որոշակի կորուստ, և առկա է ենթակառուցվածքների թարմացման խնդիր։ Մասնավորապես, Նուբարաշենում էական աշխատանք է իրականացվելու ընկերության կողմից»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա վերաբերում է նաև Կոնդ թաղամասին, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ շրջաններին։
Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքապետարանը տրամադրելու է շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուր»-ը կարճ ժամկետներում կմեկնարկի վերոնշյալ հատվածներում ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները։