Երևան

Ձնամաքրման աշխատանքներին մասնակցել է 300 աշխատակից, ներգրավվել՝ 80 տեխնիկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան մանրամասներ է հայտնել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից։ Նա հայտնել է, որ մոբիլիզացվել է ձնամաքրման 38 մասնագիտացված մեքենա, ներառյալ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մեքենաները, նաև վարչական շրջանի ղեկավարների նախաձեռնությամբ մասնավոր այլ տեխնիկա է ներգրավվել։ Նա հայտնել է, որ ձնամաքրման աշխատանքներին մասնակցել է թվով 80 տեխնիկա, նաև՝ մասնակցել է 300-ից ավելի աշխատակից։

«Ասել պատրաստ չէինք՝ ճիշտ չի լինի, արդար չի լինի: Փետրվարի 21-ին ժամը 18:00-ից մինչև 22:30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ: Խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ»,- հայտնել է Արեյանը:

Նա նշել է, որ առաջին փուլում մաքրվել են հիմնական փողոցները, ապա՝ երկրորդային փողոցները։ «Ունեցել ենք որոշակի ուշացումներ՝ մասնավոր տնտատիրություններով տեղակայված թաղամասերում։ Այս տեխնիկան՝ մեծ մեքենաները չեն կարող մուտք գործել այնպիսի թաղամասեր, ինչպիսիք են Սարի թաղ, Նորագյուղ, Քանաքեռի որոշ հատվածներ»,- ասել է Արեյանը։

Նա վստահեցրել է, որ աշխատանքները կշարունակվեն նաև հետայսու։ Արեյանը նշել է, որ թեեև ձնամաքրման աշխատանքների հետ կապված քննադատություններում եղել է որոշակի «օբյեկտիվ կորիզ», սակայն հավելել է, որ շատ հաճախ գնահատականները հեռու են եղել մասնագիտական աշխատանքը պատկերացնելուց. «Պիտի խնդրեմ ուղղակի չմթագնել այն մարդկանց աշխատանքը, որ գիշեր ու ցերեկ իրականացրեցին ԵԱՍՄ հիմնարկի, «Կանաչապատման» հիմնարկի և թաղապաետարանների աշխատակիցներն ու վարչական շրջանների ղեկավարները»,- ասել է նա։

Նա խնդրել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել ավտոլվացման կետերին, քանի որ այնտեղ ջուրն անխնա բաց են թողնում փողոց, ինչն էլ հանգեցնում է սառցակալման։ Նա դիմել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որ խիստ հսկողություն սահմանեն դիտահորերից հոսող ջրի կանխմանը։

Նա կարևորել է ԵԱՍՄ հիմնարկում լրջագույն վերակառուցումը։

Արեյանը նաև նշել է. «Այս ամբողջ ժամանակահատվածում մեզ հետ եղել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ, վարչական շրջանների ղեկավարները՝ անձամբ և մեր աշխատակազմի իրավասու բոլոր կառույցները, որ ներգրավված են եղել աշխատանքներում»։