Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Արաբկիր վարչական շրջան, որտեղ, ըստ քաղաքապետի, առկա էին ամենամեծ խնդիրները։
«Կոմիտասի պողոտան արդեն իսկ ամբողջովին անցանելի է։ Երևանում ձյունն անսպասելի չէր, այս ծավալները սպասելի էին, և մենք 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք։ Վաղը մեզ ավելի ծանր և դժվար օր է սպասվում»,- ասել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառային են։
«Թե՛ տրոլեյբուսների, թե՛ ավտոբուսների անվադողերը կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը խնդիրներ չի ունենում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, քանի որ աշխատում ենք մեր ամբողջ ռեսուրսով»,- նշել է քաղաքապետը։