Շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին, հաճելի միջավայրին և կենսունակությանը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք այդ ուղղությամբ՝ մշտադալար ծառեր տնկելով Ազատության հրապարակի հարակից տարածքում, Սարյանի պուրակում և քաղաքի այլ անկյուններում»,- գրել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանից հավելել են, որ մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։ Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջ միջավայր քաղաքի բնակիչների համար։
Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ տարվա ընթացքում, այլև նպաստում են օդի որակի բարելավմանը և քաղաքի էկոլոգիական հավասարակշռությանը։
Քաղաքապետարանը շարունակելու է կանաչապատման ծրագրերը՝ ընդլայնելով հանրային այգիները, պուրակները և ծառապատ գոտիները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ ու հարմարավետ։