Երևան

Առավել հարմարավետ և արդիականացվող մետրոպոլիտեն

Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ, վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը, նորացվել է օդափոխման համակարգը, կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։

Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից»,- գրել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանից հավելել են՝ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։

Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է՝ ուղևորների համար առավել հարմարավետ դառնալով: