Երևան

Նոր արտոնություններ տրանսպորտի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր արտոնություններ տրանսպորտի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանին քննարկում է արտոնյալ տոմսեր տրամադրելու կարգը փոխելու հարցը։ 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։ Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար։

Բացի այդ, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին։

«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այս նախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը և, անկախ երեխաների տարիքից, տրամադրել անվճար երթևեկելու իրավունք։

Նախատեսվում է նաև 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս որոշումներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից՝ հաշվի առնելով, որ համակարգում հարկավոր են տեխնիկական մի շարք փոփոխություններ։ 

Գրիգորյանը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է 10 ուղևորության համար նախատեսված տոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր, որպեսզի քաղաքացիները հասցնեն բոլոր 10 ուղևորություններից օգտվել։ Փոփոխությունն ավագանու կողմից հաստատվելուց հետո ուժի մեջ կմտնի հրապարակման օրը։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական