Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե տարբեր ամիսների ուղևորահոսքը տարբեր է լինում, և իրենք դրանից ելնելով հստակ հաշվարկել են տրանսպորտի ինքնարժեքի հաշվարկ։ Նրա խոսքով, մայրաքաղաքում նախկին «գազելների» փոխարեն «MAN» ու «Zhong tong» ավտոբուսներ են. «Դրա սպասարկումն էականորեն թանկ է փաստացի, և ձեր այս նախագծով առաջարկում եք համընդհանուր գինը 100 դրամից նվազ սահմանել, որովհետև ստացվում է՝ եթե 100 դրամ է գինը սահմանվում, բոլոր փաթեթները պահպանվում են՝ 850 հազար մարդ ունենում է արտոնություններ, և ահռելի մեծ թվով մարդ սկսում է անվճար օգտվել տրանսպորտից, դուք առաջարկում եք տրանսպորտի գինն էականորեն նվազեցնել 100 դրամից»,- ասել է նա՝ դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին։
Ըստ նրա, ընդդիմության առաջարկով տրանսպորտի միջինացված գինը 100 դրամից էլ նվազ է. «Դուք ուզում եք առաջարկել տրանսպորտի գինը 1998թ. 100 դրամից էլ նվազեցնե՞նք, ձեր առաջարկը դրա մասին է»։
Ավինյանը նաև նշել է. «Մենք չենք ուզում վերադառնալ նախկին համակարգին»։ Ըստ քաղաքապետի, ովքեր այժմ 150 դրամ են վճարում, այդ 50 դրամն, ըստ էության, վճարում են արտոնություններից օգտվողների համար. «Դուք ասում եք՝ եկեք տրանսպորտի գինն էժանացնենք։ 1998թ. գնից ներքև իջեցնենք, դարձնենք ավելի էժան։ Մի հատ հիմնավորում, խելամիտ տրամաբանություն, մի բան, որ այս միտքը թույլ կտա գոյություն ունենալ»։